Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում եղել են թե՛ սուրբ, թե՛ վտանգավոր համարվող գրքեր»

«Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում եղել են թե՛ սուրբ, թե՛ վտանգավոր համարվող գրքեր»
08.12.2015 | 01:38

Գրող, ռազմական փորձագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի Խալիֆը» վեպը արդի ռազմաքաղաքական հիմնախնդիրների գեղարվեստական արտացոլման օրինակ է, որտեղ բնականորեն միահյուսվել են իրականն ու երևակայականը։ Իսլամական պետության առաջխաղացումը վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի և մեր երկրի համար։ Գրոհայինների շոշափուկները հասնում են մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանագոտի: Ահա այսպիսի՝ գրեթե ամբողջ աշխարհն ընդգրկող իրադարձությունների ֆոնի վրա են ծավալվում վեպի գործողությունները։
«Գիրքը գեղարվեստական է, բայց գրված է փաստերի հիման վրա: Այն, ինչ մտացածին է, դա էլ հավանականությունների տեսություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Սարումյանը:

-Դժվար չէ՞ր վավերագրությունն ու գեղարվեստը համադրելը:
-Գրական աշխատանքն ինքնին դյուրին գործ չէ, սակայն գեղարվեստի և վավերագրության համադրության մեջ ինչ-որ առանձնահատուկ բարդություն չեմ տեսնում, ի վերջո գեղարվեստի խնդիրն իրականությունն արտացոլելն է գեղարվեստական միջոցներով, վավերագրությունն իրականության անկիրք արձանագրումն է, այնպես որ, խոսքը թերևս արտահայտչամիջոցների ընտրության մասին է: Փորձել եմ արտահայտչամիջոցների ընտրության առումով պարզապես հավատարիմ մնալ նկարագրված միջավայրին:
-Ո՞Ւմ է ուղղված վեպը` գրականության սիրահարների՞ն, թե՞ քաղաքագետներին, քաղաքականությամբ հետաքրքրվող անձանց:
-Ճիշտն ասած, գրելիս հասցեատիրոջ մասին մտածում ես թերևս «վերջին հերթին», կարծում եմ, վեպն ուղղված է բոլոր այն մարդկանց, ում պարզապես կհետաքրքրի:
-Կանխատեսել կարո՞ղ ենք՝ ինչի են հանգեցնելու աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց ականատեսն ենք այսօր:
-Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, եթե պատմական զարգացումների ընդհանուր տրամաբանությունը վերլուծության, հետևաբար նաև որոշակի կանխատեսման ենթակա է, ապա մասնավոր դրսևորումները բացարձակապես անկանխատեսելի են: Կարծում եմ, միակ եզրահանգումը ուժեղ լինելու անհրաժեշտությունն ընկալելն է, ուժեղ և պատրաստ ցանկացած զարգացման, պատրաստ պաշտպանելու սեփական արժանապատվությունը, որի բարձրագույն դրսևորումը սեփական երկրի պաշտպանությունն է:
-Հայաստանը, Արցախը, կարծես, հեռու են ԻՊ-ին բախվելու վտանգից: Ավելին` պարզ չէ, թե որն է ԻՊ-ի նպատակը: Որո՞նք են հավանական վտանգները մեր երկրի պարագայում: Վեպը տալի՞ս է այս հարցերի պատասխանը:
-Թույլ տվեք չհամաձայնել։ ԻՊ-ի նպատակը պարզ է, և այդ մասին նրանք հայտարարում են բացահայտ՝ ստեղծել իսլամական խալիֆայություն, նվազագույնը՝ արաբական նվաճումների շրջանի խալիֆայության սահմաններում, առավելագույնը՝ ամբողջ աշխարհում: Այս առումով վտանգ սպառնում է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, այդ թվում` Հայաստանին:


-Մարդու կյանքում, թվում է, ամեն ինչ հաշվարկված է, վերահսկվում է, և սակայն, անկանխատեսելի դիպվածը քանդում է կառուցածդ: Կարո՞ղ ենք ասել` նույնը երկրների կյանքում է: Այն, ինչ կատարվում է աշխարհում, հաշվարկվա՞ծ էր, թե՞ դուրս է եկել վերահսկողությունից: Իբրև հարցի շարունակություն` մեր պատմական հողերի վերադարձը ամենաանհավանական թվացող հավանականությո՞ւն է:
-Գիտե՞ք, այս հարցին պատասխանելն անչափ դժվար է, որովհետև անաչառ լինել չեմ կարող: Որպես հայ մարդ` ես բնականաբար հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ մեր պատմական հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, նորից լինելու է հայկական պետականության մի մասը: Վերահսկողության առումով պետք է հիշել մեկ բան. ջինը շշից բաց թողնելիս միշտ համոզված են, որ կարողանալու են նրան կառավարել, սակայն իրականում դա ոչ միշտ է հաջողվում:
-Ասում են ` գրականությունը, գիրը ուժ ունեն, ի՞նչ կարող են անել գրականությունը, գրողի խոսքն ու կանխատեսումները երկրի կյանքում:
-Գիրն ունի երևույթներն անվանելու, իմաստավորելու ուժ, այդ իմաստով գրականության ուժը հսկայական է: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում եղել են թե՛ սուրբ, թե՛ վտանգավոր համարվող գրքեր: Որովհետև աշխարհն անվանելը ինչ-որ չափով նաև աշխարհ կառուցել է, իսկ կառուցելու ուժ ունեցողն ունի նաև ավերելու ուժ: Ճշմարիտ գրողի խոսքն առաջ է մղում, հնարավորություն տալիս տեսնելու հեռուն՝ հորիզոնից անդին:
-Հասնո՞ւմ է գիրքը ընթերցողին: Կա՞ հետաքրքրություն նոր ստեղծվող գրականության նկատմամբ Հայաստանում և Արցախում:
-Կարծում եմ, ընթերցողին գրքի հանդեպ հետաքրքրությունը կորցնելու մեջ մեղադրելը սխալ է: Ի վերջո, գիրքը պիտի գրավի ընթերցողին, լինի ցանկալի, փնտրվող, ոչ թե մարքեթինգի օգնությամբ փաթաթվի նրա վզին: Համոզված եմ, որ լավ գրականությունը վաղ թե ուշ կհարթի իր ճանապարհը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ